17/10/2019 23:58
Թուրքիան կդադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում. քրդերը դրական են գնահատում այդ որոշումը
Թուրքիան կդադարեցնի Սիրիայի հյուսիսում գործողությունը, որպեսզի Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները հնարավորություն ունենան 120 ժամվա ընթացքում անվտանգ գոտի հեռանալ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Նման համաձայնության Փենսն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եկել են հինգշաբթի՝ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ:
««Խաղաղության աղբյուր»-ի շրջանակներում բոլոր գործողությունները կդադարեցվեն, և գործողությունն ինքնին ամբողջությամբ կկանգնեցվի մինչև քրդական ուժերի լիակատար դուրսբերումը», - նշել է փոխնախագահը:
Պենսը նաև հայտարարել է, որ Սիրիայում գործողությունների պատճառով Անկարայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կչեղարկվեն միայն տարածաշրջանում լիակատար հրադադարի հաստատումից հետո:
ԱՄՆ փոխնախագահն ավելացրել է, որ Վաշինգտոնը միշտ կապ է պահպանում «սիրիական պաշտպանական ուժերի հետ» և օգնում դուրս բերել նրանց անվտանգության գոտի, որը գտնվում է սիրիա-թուրքական սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա:
Նա նշել է՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի համաձայնագրերը ենթադրում են, որ Անկարան պարտավորվում է Քոբանի քաղաքի բնակչության դեմ ռազմական գործողություններ չիրականացնել:
РИА Новости- ի փոխանցմամբ՝ սիրիական քրդերի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչ Ալդար Հելիլը դրական է գնահատել Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև Սիրիայում հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը: