18/10/2019 17:15
Իշխանությունը յուրացնելու հոդվածով քրեական գործի շրջանակում ՀՔԾ-ն գործողություններ է իրականացրել ՍԴ-ում, ԱԺ-ում և ՀՀԿ գրասենյակում
ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվել Սահմանադրական դատարանում, Ազգային ժողովում և ՀՀԿ գրասենյակում, Aysor.am-ին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Այս պահին միայն այսքանը կարող եմ ասել, նախաքննությունը շարունակվում է, այլ մանրամասներ դեռ չենք կարող հայտնել», - ասաց նա։
ՀՔԾ խոսնակը նշեց՝ երբ հրապարակման ենթակա տեղեկատվություն կլինի, ՀՔԾ-ն լրացուցիչ կմեկնաբանի։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:
Բաբաջանյանը հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ Պատգամավորը հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»:
Հիշեցնենք, երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հայրական տուն: Իսկ այսօր ԱԱԾ են կանչվել Թովմասյանի դուստրերը: