18/10/2019 11:59
«Կենտրոն»-ում իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է. Անժելա Թովմասյան
Անժելա Թովմասյանը հայտարարել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում իր գործունեությունը դադարեցնելու մասին։
« «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իմ հեղինակային հաղորդաշարը՝ «Հայելու առաջ»–ը, արդեն մի քանի շաբաթ է եթերում չէ։ Ոչ իմ նախաձեռնությամբ։
Չեմ ուզում մեկնաբանել ու գնահատականներ տալ, թե ինչու է այդպես ստացվել։ Կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է։
Այնպես է ստացվել, որ «սիրո և հանդուրժողականության» թիրախում մեր ընտանիքն է հայտնվել, բայց ես սա ընդամենն արձանագրում եմ սոսկ փաստի, այլ ոչ տրտնջալու համար։
«Կենտրոնում» իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է։ Ես շնորհակալ եմ «Հայելու առաջ» հաղորդաշարի անդավաճան հեռուստադիտողներից։ Շնորհակալ եմ նաև «Կենտրոն» հեռուստաընկերության թիմից՝ երկար տարիների համատեղ աշխատանքի համար։
Ես համոզված եմ, որ ամեն մի փակված էջ նոր էջ բացելու նախադրյալ է։ Եթե ասելիք ու անելիք ունես, ապա դրանց հանրայնացման ձևերը միշտ էլ կգտնվեն»,-Facebook-ի իր էջում գրել է Անժելա Թովմասյանը։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Անժելա Թովմասյանի հեղինակային հաղորդումը, որը հաճախ հանդես է գալիս իշխանության քննադատությամբ, փակվում է, ըստ որոշ տեղեկությունների, կառավարության ներկայացուցիչների պահանջով:
Aysor.am-ը փորձել էր մեկնաբանություն ստանալ Անժելա Թովմասյանից, վերջինս ասել էր. «Կխոսեմ ավելի ուշ»։