21/10/2019 21:52
Արսեն Բաբայանը ապօրինի է զրկված ազատությունից և դա չի կարող հայտնի չլինել ՀՀ իրավապահ մարմիններին. Մելոյան
Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը համաձայն՝ «Էրեբունի-երեվանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի, ինչը չի կարող հայտնի չլինել ՀՀ իրավապահ մարմիններին։
Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Հետևաբար՝ այս պահին Արսեն Բաբայանն ապօրինի զրկված է ազատությունից։ Ձերբակալումը ծայրահեղ ապօրինի է և հետապնդում է ոչ իրավաչափ նպատակներ։ Դիմում եմ բոլոր իրավապաշտպաններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին աջակցել Արսեն Բաբայանի իրավունքների պաշտպանությանը», - նշել է Մելոյանը։
Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։