22/10/2019 19:20
Արսեն Բաբայանի ձերբակալությունը ցույց տվեց, որ Հայաստանում իրավապաշտպանները մեռել են. Մալյան
Արսեն Բաբայանի ձերբակալությունը ցույց տվեց, որ Հայաստանում իրավապաշտպանները մեռել են, գոյություն չունեն, իրենց արգելված է խոսել, նման հայտարարություն արեց Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև բողոքի ակցիա իրականացնող ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն՝ ավելացնլով, որ «նրանց թույլ չեն տալիս այս դեպքի կապակցությամբ ծպտուն հանել, նրանց հրահանգավորել են լռել ու գլուխները կախել»։
«ՍԴ-ի ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանին ոչինչ չի կանգնեցնի իր բաղձալի աթոռին հասնելու համար։ Նա պատրաստ է սուտ մատնություններով նստեցնել բոլորին՝ միայն թե հասնի այդ բաղձալի աթոռին։ Բաբայանն իր ձերբակալությամբ ֆիքսեց, որ ՍԴ-ն մի ոսկոր է, որ կանգնել է իշխանությունների կոկորդին։ Նրա ձերբակալությունը ցույց է տալիս քաղաքական դաշտում տեղի ունեցող պրոցեսներն՝ իրենց ողջ խորությամբ», - ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով երեկ ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Վերջինիս պաշտպանները երեկ երեկոյան բողոքարկել են ձերբակալության մասին որոշումը։
Քաղաքական և իրավաբանական շրջանակներում վերջինիս ձերբակալությունը խոր տարակուսանք է առաջացրել։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Բաբայանի ձերբակալությունը շատ հարցեր է առաջացնում:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է. «Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է»։
Արսեն Բաբայանի ձերբակալության մասին այսօր արտահայտվել է նաև քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ով նշել է, որ նման գործընթացը լրացուցիչ ճնշում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի ձերբակալման թեման չի շրջանցել նաև ՄԻՊ Արման Թաթոյանը, ով գրությամբ պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից։