22/10/2019 20:04
Դատական նիստ այսօր տեղի չի ունենալու, Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել. փաստաբան
Դատական նիստ այսօր տեղի չի ունենալու։ Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել, որպեսզի նիստ լինի, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ նիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 17։45։
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով երեկ ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Վերջինիս պաշտպանները երեկ երեկոյան բողոքարկել են ձերբակալության մասին որոշումը։
Քաղաքական և իրավաբանական շրջանակներում վերջինիս ձերբակալությունը խոր տարակուսանք է առաջացրել։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Բաբայանի ձերբակալությունը շատ հարցեր է առաջացնում:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է. «Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է»։
Արսեն Բաբայանի ձերբակալության մասին այսօր արտահայտվել է նաև քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ով նշել է, որ նման գործընթացը լրացուցիչ ճնշում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի ձերբակալման թեման չի շրջանցել նաև ՄԻՊ Արման Թաթոյանը, ով գրությամբ պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից։