22/10/2019 11:26
Ինչու է Ադրբեջանը ռազմական բյուջեն ավելացրել է 20,9 տոկոսով
Ըստ 2020 թ․ Ադրբեջանի բյուջեի նախագծի՝ պաշտպանական ծախսերը պետք է կազմեն 3 մլրդ 853 մլն մանաթ (մոտ 2 մլրդ 267 մլն դոլար), ինչը նախորդ տարվա 3 մլրդ 187 մլն մանաթից ավելի է 20,9 տոկոսով:
Aysor.am-ի հետ զրույցում «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը նշեց, որ ընդհանրապես՝ Ադրբեջանում բյուջեի ավելացումը պաշտոնապես բացատրվում է տնտեսական աճով։
«Նույն ձևակերպումն էր տրվել 2019թ․ հունիսին ընթացիկ տարվա բյուջեի, այդ թվում՝ պաշտպանական ծախսերի ավելացմանը։ Տրամաբանական է, սակայն, որ պատերազմի պատրաստվող երկրի համար ռազմական բյուջեի ավելացումն արդարացված է։ Ադրբեջանը երբեք չի թաքցրել ռազմական ճանապարհով Արցախյան հիմնախնդիրը «կարգավորելու» իր երազանքները», - նշեց Վրթանեսյանը:
2019 թ. Հայաստանի բյուջեի նախագծով՝ ռազմական պաշտպանության համար նախատեսված է եղել հատկացնել 300 մլրդ 437 մլն դրամ (մոտ 629,5 մլն դոլար): Իսկ 2020թ․ բյուջեից ՀՀ ռազմական պաշտպանությանը նախատեսվում է հատկացնել 301 մլրդ 243 մլն դրամ (մոտ 631 մլն դոլար)։
«Հայաստանի ռազմական ծախսերը զիջում են Ադրբեջանի ռազմական ծախսերին, սակայն մենք մեր ընդհանուր բյուջեի ու տնտեսության աճին համարժեք չափով պետք է հետևողականորեն ավելացնենք պաշտպանությանն ուղղված ծախսերը։ Ընդհանուր բյուջեի աճին զուգահեռ պաշտպանությանն ուղղված ծախսերն էլ պիտի առնվազն նույն համամասնությամբ աճեին», - ասաց Վրթանեսյանը: