22/10/2019 11:33
ԱՄՆ դեսպանատունն ուշադիր հետևում է Հայաստանի իրավական, քաղաքական և տնտեսական բոլոր զարգացումներին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ամիսներ առաջ հայտարարել էր, որ Վաշինգտոնը հավատարիմ է Հայաստանի անկախ դատական համակարգի ամրապնդմանն օժանդակելու իր հանձնառությանը` նշելով, որ այն պետք է համապատասխանի Սահմանադրությանը:
168.am-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն հարցում էր ուղարկել՝ պարզելու համար՝ վերջին շրջանում դեսպանատունը հետևո՞ւմ է ՍԴ-ի շուրջ զարգացումներին, արդյո՞ք պատրաստ է ԱՄՆ-ն շարունակել աջակցությունը:
«ԱՄՆ դեսպանատունն ուշադիր հետևում է Հայաստանի իրավական, քաղաքական և տնտեսական բոլոր զարգացումներին: Մենք խթանում ենք մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման առաջխաղացմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ ինստիտուտների զարգացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի գերակայության ամրապնդումը։
Միջազգային դոնոր հանրության, քաղաքացիական հասարակության և ՀՀ կառավարության հետ համաձայնեցնելով՝ մենք ուսումնասիրում ենք կառավարության դատաիրավական ոլորտի բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությանը աջակցելու հնարավորությունները», - նշված է դեսպանության պատասխանում: