22/10/2019 17:28
Վահե Գրիգորյանը շարունակում է չմասնակցել ՍԴ նիստերին, բայց ստանում է 793 հազար դրամ աշխատավարձ, 240 լիտր բենզինի կտրոն, ունի ծառայողական մեքենա
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, պաշտոնը ստանձնելուց ի վեր, որևէ նիստի չի մասնակցել, Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ արձագանքել են ՀՀ Սահմանադրական դատարանից։
Ըստ ՍԴ-ի՝ Aysor.am-ին տրամադրած պատասխանի՝ «Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերին առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, որի կարգավորումների համաձայն՝ Վահե Գրիգորյանին յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձի չափը (հիմնական աշխատավարձ և լրացուցիչ՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար օրենքով սահմանված հավելավճար) կազմում է 793 հազար 680 դրամ»։
Վահե Գրիգորյանին տրամադրվել է պարգևատրում 4 անգամ։
«Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ Վահե Գրիգորյանը չի մասնակցել որևէ նիստի, վերջինը որևէ գործով չի հանդիսացել զեկուցող դատավոր։ Հարգելիության վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի ներկայացվել նրա կողմից», - ասված է ՍԴ պատասխանում։
Պաշտոնը ստանձնելուց հետո Վահե Գրիգորյանին տրամադրվել է նաև ծառայողական մեքենա (Hyundai Elantra), որը որոշակի ժամանակ անց փոխարինվել է մեկ այլ մեքենայով՝ վերանորոգման անհրաժեշտություն առաջանալու պատճառով, ինչպես նաև՝ մեքենայի համար նախատեսված 240 լիտր բենզինի կտրոն՝ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով։
Վահե Գրիգորյանը, հիշեցնենք, Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել 2019 թվականի հունիսի 18-ին՝ ձայների 99 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ։
Հունիսի 20-ին Ազգային ժողովում Վահե Գրիգորյանը, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, երդվեց և ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ:
Մինչ երդումը, սակայն, Վահե Գրիգորյանը ելույթով էր հանդես եկել՝ նշելով, թե իր համար բարձր պատիվ է ՍԴ դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը։