22/10/2019 20:24
Բաբայանին առաջադրված մեղադրանքն առնչություն ունի ՍԴ-ի հետ, սա պլան Գ-ն է. Երվանդ Վարոսյան
Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել, ըստ որի, նա օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններին տիրանալուն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Նա մեզ հետ միասին կարդում էր տեքստը, փորձում էր հասկանալ՝ ինչի՞ մասին էր խոսքը։ Այդպես էլ չհասկացավ», - ասաց փաստաբանը։
Երվանդ Վարոսյանը միաժամանակ շեշտեց, որ մեղադրանքն իրականությնա հետ աղերս չունի, Բաբայանը մեղադրանքը չի ընդունում։
«Մեղադրանքն առնչություն ունի ՀՀ ՍԴ-ի հետ, և այն պրոցեսի հետ, որն այսօր կատարվում է ՍԴ-ի շուրջ։ Սա պլան Գ-ն է։ Սրանից հետո լինելու է Դ-ն, Ճ-ն և այլն։ Ես՝ որպես իրավաբան, առաջին անգամ իմ պրակտիկայում տեքստին իրավական գնահատական տալ չեմ կարող։ Դատարանին անհրաժեշտ հարցեր ուղղել ենք, սակայն պատասխաններ չենք ստացել, ոչ մի բան չեն մեկնաբանում։
Վարույթ իրականացնող մարմինը որոշում է կայացրել նաև Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոցը կալանք ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան։ Հավանաբար, իմանալով, որ նման միջնորդություն պետք է ներկայացվի, նիստը նշանակել են վաղը, որ օրենքի խախատմամբ այդ երկու հարցը միասին քննարկեն», - ասաց պաշտպանը։
Նա շեշտեց՝ Արսեն Բաբայանի համար ակնհայտ է, թե այս հետապնդումն ինչ նպատակ ունի։
«Նպատակը ՍԴ-ի հետ կապված զարգացումներն են։ Նա այս պահին «սանիկի» կարգավիճակում է գտնվում։ Արսեն Բաբայանը պատրաստ է կրել ցանկացած զրկանք՝ թեկուզ ապօրինի, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը», - նշեց Երվանդ Վարոսյանն՝ ընգծելով, որ Բաբայանը միանշանակ քաղբանտարկյալ է։
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով երեկ ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Վերջինիս պաշտպանները երեկ երեկոյան բողոքարկել են ձերբակալության մասին որոշումը։
Քաղաքական և իրավաբանական շրջանակներում վերջինիս ձերբակալությունը խոր տարակուսանք է առաջացրել։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Բաբայանի ձերբակալությունը շատ հարցեր է առաջացնում:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է. «Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է»։
Արսեն Բաբայանի ձերբակալության մասին այսօր արտահայտվել է նաև քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ով նշել է, որ նման գործընթացը լրացուցիչ ճնշում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի ձերբակալման թեման չի շրջանցել նաև ՄԻՊ Արման Թաթոյանը, ով գրությամբ պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից։