22/10/2019 12:53
Սահմանադրական դատարանն ԱԺ-ի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, դա անարձագանք չի մնա. Լիլիթ Մակունց (Տեսանյութեր)
Սահմանադրական դատարանը, ըստ էության, չի տվել պատասխան Ազգային ժողովի կողմից հնչեցված այն հարցադրումներին կամ մտահոգություններին, որոնք պետք է հաստատվեին կամ փարատվեին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով ՍԴ-ի՝ «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելուն։
«Առկախված են մնացել այն բոլոր հարցադրումները, որոնք արծարծված են եղել նախագծում։ Փոխարենը Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ պարզապես թողնում է առկախված, դրանով ԱԺ-ի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որն անարձագանք չի մնա», - ասաց Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը չի ուզում ոչ միայն լուծում տալ առկա խնդիրներին, այլ նաև չի ուզում նույնիսկ դրանք քննարկել։
«Դրանով իսկ ՍԴ-ն խորացրել է այն վստահության ճգնաժամը, որը կա դատարանի նկատմամբ։ Մեր գործողությունները շարունակելու են մնալ նույնը, ինչ նախկինում էր։ Այս նախագծով մենք մեր առջև խնդիր չէինք դրել լուծելու ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը, այդ մասին մենք հայտարարել էինք։ Շարունակելու ենք այն պլանը, որը ներկայացված է արդարադատության կողմից ներկայացված ռազմավարական փաթեթով, միևնույն ժամանակ ԱԺ-ն չի սահմանափակվելու միայն նախարարության կողմից ներկայացված փաթեթով՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու, դատավորների նկատմամբ վստահույթունը վերականգնելու ուղղությամբ», - ասաց Լիլիթ Մակունցը։