22/10/2019 15:21
Չիլիում անկարգությունների ժամանակ զոհերի թիվը հասել է 13-ի
Չիլիում շարունակվող անկարգությունների ժամանակ զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնել է EFE գործակալությունը հղում անելով ոստիկանության տվյալներին:
Ըստ իրավապահ մարմինների հաղորդագրության՝ Սանտյագոյի մետրոպոլիտենի կայարաններին ու գնացքներին հասցված վնասը բողոքների ընթացքում գնահատվում է 300 մլն դոլար:
«Բարբարոսների գործողությունների պատճառով հարկ կլինի վերականգնել մետրոյի բոլոր կայարանների 40 տոկոսը»,-հայտարարել է մայրաքաղաքի գետնուղու ղեկավար Ռուբեն Ալվարադոն:
Սյանտյագոյի իշխանությունները երեքշաբթի չեղարկել են դպրոցների պարապմունքները:
Անկարգությունների հետևանքով հոկտեմբերի 21-ին հաղորդվում էր 11 զոհի մասին:
Բողոքները, որոնք վերաճել են անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների, Սանտյագոյում սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ մետրոյով երթևեկության արժեքը միջինին հաշվով բարձրացվեց 30 պեսոյով (0,04 դոլարով)՝ մինչև առավելագույն 850 պեսո (1,2 դոլար): Ստեղծված իրադրության կապակցությամբ իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել է մայրաքաղաքում և մի շարք քաղաքներում: