22/10/2019 14:56
ՌԴ Պետական Էրմիտաժի և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հիմքեր կդրվեն. Միխայիլ Պիոտրովսկին այցելել է թանգարան
Հոկտեմբերի 20-ին ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի Միխայիլ Պիոտրովսկին այցելել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան:
Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը հյուրին ներկայացրել է Աբովյանների տոհմական տան պատմությունը, անդրադարձել մեծանուն լուսավորչի կյանքին ու գործունեությանը:
Մ. Պիոտրովսկու համար ճանաչողական շրջայց է կազմակերպվել նաև թանգարանի գլխավոր ցուցասրահում:
Այցելուների տպավորությունների մատյանում հյուրը հետևյալ գրառումն է արել.
«Խորին շնորհակալություն հայ մշակույթի Արարատի՝ Աբովյանի մասին հիշողությունը պահպանելու համար: Թանգարանը հրաշալի ներկայացնում է համաշխարհային մշակույթը ընկալելու և իրենը դարձնելու հայերի պատրաստակամությունը: Ձեզ մոտ շատ հարմարավետ է»:
Միխայիլ Պիոտրովսկին իր խոսքում հատուկ շնորհակալություն է հայտնել թանգարանի անձնակազմին՝ Խաչատուր Աբովյանի պայծառ հիշատակը վառ պահելու համար և խոստացել, որ մոտ ապագայում ՌԴ Պետական Էրմիտաժի և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հիմքեր կդրվեն:
Հանդիպման ավարտին Մ. Պիոտրովսկին Աբովյանների տոհմատան պատշգամբում թեյի սեղանի շուրջ զրուցել է թանգարանի աշխատակիցների հետ: Թանգարանի տնօրեն Ս. Խոջամիրյանը պատվավոր հյուրին է նվիրել Խ. Աբովյանի՝ Վ. Ժուկովսկուն գրած նամակի կրկնօրինակը: