22/10/2019 18:30
«ՌեԱնիմանիա» 11-րդ փառատոնը դեսպանատների և այլ կառույցների հետ համատեղ ծրագրեր կներկայացնի
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը ծրագրեր կներկայացնի ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների, ինչպես նաև միջազգային այլ կառույցների հետ:
Նշենք, որ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 20:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում: Բացման արարողության ֆիլմը՝ Սալվադոր Սիմոյի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում», կցուցադրվի Եվրոպական Միության գրասենյակի աջակցությամբ: Արարողությանը կմասնակցեն նաև փառատոնի հատուկ հյուրերը:
Ֆիլմեր կցուցադրվեն նաև այլ տարածքներում:
Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում: Արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված ժյուրին կդիտարկի դրանք և փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում:
Փառատոնի շրջանակում կիրականացվի հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ և հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին:
Փառատոնի շրջանակներում, ինչպես և նախորդ տարիներին, կանցկացվեն վարպետության դասեր, սեմինարներ:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան է ժամանելու «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ռեժիսոր Հյու Վելշմանը (Լեհաստան), ով վարպետության դաս կանցկացնի հոկտեմբերի 26-ին, ժամը 17:00-ին՝ BŪRO-ում: Ի դեպ, ֆիլմը ևս մեկ անգամ կցուցադրվի մեր երկրում:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան կժամանեն պատկերապատման գրքի հեղինակ, նկարիչ և անիմատոր Դեշ Շոուն իր կնոջ՝ անիմատոր Ջեյն Սամբորսկու հետ, և գեղանկարիչ, անիմացիոն ֆիլմի գեղարվեստական ռեժիսոր-ղեկավար Գևորգ Մուրադը (ԱՄՆ): Դեշ Շոուի վարպետության դասը կանցկացվի հոկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին՝ LOFT կենտրոնում:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00 ՀԲԸՄ-ում կանցկացվի գեղանկարիչ, անիմատոր Գևորգ Մուրադի ցուցահանդեսը, որին կներկայացվեն նրա համահեղինակային կարճամետրաժ «Չորս գործողություն Սիրիայի համար» (2019) ֆիլմի գեղարվեստական ձևավորումները և կտավները: Բանախոսների մասնակցությամբ կանցկացվեն նաև այլ միջոցառումներ:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Հայաստան է ժամանում European Animation Awards-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը (Ֆրանսիա): Նա հոկտեմբերի 25-ին, ժամը 10:00-ին վարպետության դաս կանցկացնի ՀԲԸՄ-ում: Ոլորտի մասնագետներ պրոդյուսեր Ռոն Դայնսը (Ֆրանսիա), պրոդյուսեր, պատկերապատման գրքի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր Կորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա) նույնպես վարպետության դասընթաց կանցկացնեն նույն տեղում: Դեսպանատան հետ համագործակցության արդյունքում կցուցադրվեն նաև մի շարք ֆիլմեր:
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը և իր «ՄարԱնի» հարթակը, Գյոթե կենտրոն Երևանի հետ համատեղ, և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերին կազմակերպել էին հատուկ դասընթաց-սեմինար, որի նպատակն էր զարգացնել հայ քննադատների և լրագրողների հմտությունները, ովքեր գրում են հոդվածներ և վերլուծություններ անիմացիոն ֆիլմերի մասին: Այս սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեին նախօրոք դիտելու «ՌեԱնիմանիա» 2019- ի անիմացիոն լիամետրաժ և ընտրված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը՝ որպես ուսուցողական օրինակներ շուկայում վերջերս նկարահանված անիմացիոն ֆիլմերի վերաբերյալ հոդվածներ/քննադատություններ գրելու համար: Հյուր փորձագետն էր Կլաուս Լոսերը: «ՌեԱնիմանիա»-ի փակման արարողության ժամանակ տեղական և միջազգային պրոֆեսիոնալ կինոքննադատներից կազմված ժյուրին կընտրի լավագույն երկու հոդվածները, մեկը՝ լիամետրաժ, երկրորդը՝ կարճամետրաժ ֆիլմերի շրջանում: Մրցանակը ճանապարհորդություն է 2 հաղթողների համար դեպի Շտուտգարտ՝ Գերմանիա, 2020թ. մայիսին կայանալիք 27-րդ անիմացիոն կինոփառատոն:
Ի դեպ, «Ռեանիմանիա» փառատոնի այս տարվա բոլոր տպագիր նյութերում, այդ թվում՝ պաստառին, կնկատեք կարմիր կլոր խորհրդանիշ: Փառատոնն այն զետեղել է ի հիշատակ Kyoto Animation ընկերության շենքի հրկիզման, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 18-ին: 41-ամյա անհայտ տղամարդը բենզին է լցրել գրասենյակի ներսում և աշխատակիցների վրա, ինչի հետևանքով զոհվել է 35 մարդ: Սա Ճապոնիայում կատարված հետպատերազմյան ամենախոշոր զանգվածային սպանությունն էր: Փառատոնի այս քայլը հարգանքի տուրք է՝ ի հիշատակ նրանց, ովքեր դարձան այս պատահարի անմեղ զոհերը: