22/10/2019 18:17
«Օտրի Տրիո»-ն կներկայանա պրեմիերայով
Հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում տեղի կունենա «Օտրի Տրիո»-ի ելույթը։ «Օտրի Տրիո»-ն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային անսամբլներից է, որը հիմնադրվել է 2016թ.-ին: Անսամբլի երաժիշտները միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են՝ Ռուզաննա Թովմասյան (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյան (ջութակ), Արևիկ Կոսյան (ալտ):
Ի տարբերություն դասական դաշնամուրային տրիոների՝ այս կազմը ներկայացնում է դասական տրիոյի նոր, այլընտրանքային տարբերակ՝ կազմված փողային և լարային գործիքներից: Երաժշտական գործիքների անսովոր համադրությունն անսամբլին հաղորդում է յուրատեսակ գեղեցիկ և հարուստ հնչողություն:
Երեկոյի ընթացքում «Օտրի Տրիո»-ն կկատարի Յոհան Սեբաստիան Բախի‚ Քամիլ Սեն-Սանսի‚ Դմիտրի Շոստակովիչի‚ Առնո Բաբաջանյանի‚ Վաչագան Հովհաննիսյանի‚ Պաբլո Սարասատեի ստեղծագործություններից։ Համերգի ընթացքում կհնչի նաև Առնոլդ Բաքսի Էլեգիական տրիոն ֆլեյտայի, ալտի և դաշնամուրի համար‚ այն Հայաստանում կհնչի առաջին անգամ։
Համերգին կմասնակցի նաև միջազգային մրցույթների դափնեկիր‚ դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը։