23/10/2019 10:27
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն իր ցուցմունքում պնդել է, որ գրությունն ԱԺ են ուղարկել մարտի 2-ին. «Հրապարակ»
Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, «Հրապարակ»-ի տեղեկություններով, հարցաքննվել է նաև ՍԴ աշխաակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը։ Հենց նա է Գագիկ Հարությունյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունները վայր դնելու մասին գրությունն ուղարկել Ազգային ժողով 2018 թ, մարտի 2-ին։ Այս ամենը ի պաշտոնե անցել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձեռքի տակով, և ՀՔԾ-ն եռօրյա ժամկետի խախտումը գնահատել է քրեական հետապնդման ենթակա արարք՝ համարելով, որ «խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով» Արսեն Բաբայանը կատարել է պաշտոնեական կեղծիքներ։ Հարուցել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով:
«Հրապարակ»-ը գրել էր, որ գործով հարցաքննվել է նաև ԱԺ ընդհանուր բաժնի պետ Ռուզաննա Արզումանյանը, որը մարտի 2-ին ՍԴ-ից ստացել է փաստաթուղթը եւ անմիջապես չի գրանցել համակարգում, քանի որ փաստաթուղթն իրեն փոխանցվել է աշխատանքային օրվա վերջում, դրա համար թողել է, որ երկուշաբթի օրը մուտք արվի համակարգ, քանզի օրը ուրբաթ է եղել։ Արդյունքում՝ երեք օր ուշ է մուտք արվել գրությունը։ Մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ամսի 2-ին արդեն հայտարարած է եղել Գագիկ Հարությունյանի լիազորությունների դադարեցման մասին։
Hraparak.am-ի հետ զրույցում Առուշան Հակոբյանն ասել է, որ իրեն շաբաթ օրն են կանչել ՀՔԾ հարցաքննության, բայց հստակ չեն ասել՝ ինչի համար են հրավիրում, ինչ գործի շրջանակներում։
«Հրավերի հետ կապված ոչ մի բան չեն ասել, ես հարցրի՝ ի՞նչ հարցով է, որպեսզի ես նախապես իմանամ, ասացին՝ Սահմանադրական դատարանի մեկ փաստաթղթի հետ կապված։ Ասացի՝ ես որևէ բան ունե՞մ բերելու, ասացին՝ ոչ այստեղ է փաստաթուղթը, եկեք նայենք», - ասել է Հակոբյանը։
-ՀՔԾ-ում ի՞նչ են ասել, ցուցմո՞ւնք եք տվել։
-Իրենք հարցերը տվել են, ես պատասխանել եմ ցուցմունքի ձևով։
-Իսկ այդ գրության մասով կոնկրետ ի՞նչ եք ասել, Դո՞ւք եք ուղարկել այն ԱԺ և ե՞րբ եք ուղարկել։
-Ես ցուցմունքում գրել եմ, որ ես ամսի 2-ի առավոտյան առձեռն ուղարկել եմ աշխատողներից մեկի միջոցով։
-Այդ դեպքում ինչպե՞ս է գրությունը ԱԺ մուտք արվել ամսի 5-ի ամսաթվով, քանզի Արսեն Բաբայանին մեղադրում են, որ ամսաթիվ է փոխել կամ կեղծել։
-Ես ոչ մի բանից տեղեկություն չունեմ, այդպես էլ ցուցմունքում գրել եմ, որովհետև ես առձեռն ուղարկել եմ, նույնիսկ դրանից հետո չգիտեմ՝ ինչ հայտարարություն է եղել, ինչ են արել․․․ ես նույնիսկ մոռացել էի, չէի էլ հիշում՝ երբ ինչ է եղել իրենց հետ կապված, ես ուղարկել ու վերջացրել եմ իմ պարտականությունը այդ մասով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: