23/10/2019 12:18
Դա հեքիաթի ժանրից է. Գագիկ Հարությունյանը հերքում է՝ իրեն չեն ստիպել հեռանալ ՍԴ նախագահի պաշտոնից
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է, թե իրեն անցած տարի պարտադրել են ժամանակից շուտ հրաժարական ներկայացնել։
«Ես ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի՝ հարմար չէ, որ ՍԴ նախագահը լինի մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ։ Ուղղակի նախագահի լիազորությունները վայր դրեցի, որն իմ իրավունքն է և որևէ օրենքով էլ նախատեսված չէ դրա ընթացակարգը։ Դա իմ իրավունքն է, կարող էի ընդհանրապես հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել լիազորություններս», - ասել է Գագիկ Հարությունյանը։
Նա նշել է, որ վայր է դրել նախագահի լիազորությունները, մնացել է ՍԴ անդամ՝ մինչև թոշակի ձևակերպումը։
Լրագրողի հարցին, թե իրեն չե՞ն ստիպել, որ հրաժարական տա, որպեսզի Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ, Հարությունյանը պատասխանել է. «Դա հեքիաթի ժանրից է։ Ես ինքս եմ որոշել, որ հարմար չի ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև ՍԴ նախագահ»։
Հիշեցնենք, օրերս վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ասել էր, թե «ՍԴ նախկին նախագահին ստիպում էին հրաժարական տալ, որպեսզի Հրայր Թովմասյանն ընտրվեր այդ պաշտոնում»: