23/10/2019 16:17
Ձերբակալում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի փեսայի եղբորը. Աթանեսյան
«ՀՀ Քննչական կոմիտեում ձերբակալում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի փեսայի եղբորը` նույն քրեական գործի շրջանակներում։ Ես ավելի էկզոտիկ կապեր կարող եմ հուշել ՍԴ նախագահի հետ», - Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Aysor.am-ի հետ զրույցում Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Նորայր Փանոսյանի փեսայի եղբորը մեղադրանք են առաջադրել այն նույն հոդվածով, որն առաջադրվել էր Փանոսյանին։
«Սա կապված է ինչ-որ նոտարական տարածքների հետ, բայց այդ տղան դրա հետ ոչ մի առնչություն չունի»,-ասաց փաստաբանը՝ հավելելով. «Այդ տղան Հրայր Թովմասյանին անգամ չի էլ ճանաչում»։
Փանոսյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Նորայր Փանոսյանը 2011-14 թվականներին հանդիսացել է արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ։