23/10/2019 15:30
Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. առողջական պատճառներով նա ներկա չի եղել նիստին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը։
Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12-ին։
«Դատախազության և քննչական մարմինների ներկայացուցիչները հիմնավորում էին, թե ինչու իրենց տեսանկյունից անձը պետք է մնա կալանքի տակ, իսկ մենք հակափաստարկներն էինք ներկայացնում», - ասաց Երեմ Սարգսյանը։
Պաշտպանն ասաց, թե մեղադրող կողմի հիմնավորումն, ըստ էության, այն է, թե ազատության մեջ գտնվելով Գագիկ Խաչատրյանը կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, կխոչընդոտի գործի քննությանը։
«Մեր հակափաստարկները շատ օբյեկտիվ և տրամաբանական են։ Բազմիցս ասել, և հիմա էլ կրկնում եմ. Գագիկ Խաչատրյանը գտնվել է Գերմանիայում՝ հետվիրահատական պարտադիր բուժման մեջ։ Քննիչի ընդամենը մեկ զանգով նա դադարեցրել է բուժումը, վերադարձել, ներկայացել քննիչին, հույս ունենալով, որ թույլ կտան մեկ շաբաթով դարձյալ գնալ, բուժումը ստանալ և վերադառնալ»։
Դատական նիստին Գագիկ Խաչատրյանը ներկա չի եղել, պաշտպանն ասաց, որ պատճառն առողջական խնդիրն էր։
«Եղել է կոնսիլիում, դրա եզրակացացությունը ներկայացրել ենք դատավորին, այն ուղարկել ենք նաև Գերմանիայի համապատասխան բժշկական կենտրոն, որտեղ մեկ այլ կոնսիլիում է հրավիրվել աշխարհահռչակ պրոֆեսորների մասնակցությամբ, նրանց կողմից այս եզրակացության հիման վրա տրվել է մեկնաբանություն, որ իրենք դեռ ապրիլից զգուշացնում էին, որ եթե չգա բուժման, կրկնակի վիրահատության կարիք կառաջանա», - ներկայացրեց պաշտպանը։
Երեմ Սարգսյանն ասաց, որ տեղի ունեցողն ապօրինի է, քանի որ հուլիս ամսից կա կոնսիլիումի եզրակացություն, որ անձին պետք է թույլ տան մեկնելու բուժումը շարունակելու, սակայն այդ փաստաթուղթը չեն շրջանառել, որպեսզի պաշտոնապես պարտավորություն չառաջանա։
«Հիմա արդեն ստացել են պատասխանը, բայց ասում են, թե պետք է փորձաքննություն իրականացնեն։ Քանի որ կոնսիլիումից իրենց ձեռնտու պատասխան չի ստացվել, որոշել են փորձաքննություն նշանակել։ Ակնհայտորեն խախտվում են անձի իրավունքները», - ասաց Երեմ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է գրավի չափին, Գագիկ Խաչատրյանի պաշտպանն ասաց, թե քանի որ մեղադրանքի ծավալում ներգրավված է եղել մոտ 230 մլն դրամի չափով վնաս, իրենք ասել են, որ այդ չափով պատրաստ են գրավ վճարել դատարանի դեպոզիտ հաշվին։
«Չգիտեմ, թե դատարանն այս հարցով ինչ որոշում կկայացնի»,-ասաց Սարգսյանը։