23/10/2019 19:15
Թեհրանը ողջունում է Սիրիայի հարցով Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունները
Թեհրանը ողջունում է Սիրիայի հարցով համաձայնագիրը, որը երեքշաբթի կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հյուսիսում հրադադարի մասին համաձայնագիրը դրական քայլ է տարածաշրջան կայունության և անդորրի վերադարձման ճանապարհին», - Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է նա:
Մուսավին ավելացրել է, որ «Իրանը ողջունում է ցանկացած գործողություն, որը նպաստում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և ազգային ինքնիշխանության ամրապնդմանը»:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ «այս պայմանավորվածությունների ձեռքբերումը կնպաստի անվտանգության հետ կապված Թուրքիայի մտահոգության վերացմանը»:
«Իրանը Ադանայի համաձայնագրում համապատասխան հիմք է տեսնում Թուրքիայի և Սիրիայի միջև խնդրի լուծման համար, և այս կապակցությամբ պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն Անկարայի և Դամասկոսի միջև երկխոսություն հաստատելու համար», - նշել է նա: