23/10/2019 14:11
Ինչ-որ մարդիկ Նաիրի Հունանյանին հույս են տվել, որ նա կարող է ազատության մեջ հայտնվել. Քոչարյան
Նաիրի Հունանյանը 20 տարի ուշացել է։ Եթե նա ունի ինֆորմացիա, որն էապես հնարավորություն կտա իմանալու՝ ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին, ապա նա պետք է հանդես գա ասելիքով, լրագողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Նաիրի Հունանյանն ընդամենը ցանկություն է հայտնել 20 տարի անց հայտնվել ազատության մեջ։ Նա և նրա խմբի անդամները չէին կարող հոգեկան պրոբլեմներ չունենալ, որովհետև հենց այդպիսի մարդկանց են օգտագործում՝ նման հանցագործությունների մղելու համար»,- նշեց խորհրդարանականը։
Նա միաժամանակ շեշտեց, որ այս տարիների ընթացքում երբևէ չի հանդիպել Հունանյանին, սակայն եթե վերջինս նոր ասելիք կամ տեղեկություններ ունենա, ինքը կօգտվի նրան հանդիպելու հնարավորությունից։
Քոչարյանի խոսքով՝ հնարավոր է, որ ինչ-որ մարդիկ Նաիրի Հունանյանին հույս են տվել, որ նա կարող է ազատության մեջ հայտնվելու հնարավորություն ունենալ, բայց դա իշխանությունների հետ որևէ կապ չունի։
«Եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, մենք 20 տարի չէինք սպասի 2018 թվականի փոփոխություններին։ Հոկտեմբրի 27-ը չէր կարող «ուչաստկովիյի» գործ լինել։ Ռոբերտ Քոչարյանն էլ պետք է շատ ասելիքներ ունենա։ 20 տարի առաջ նա պետք է ամեն ինչ աներ, որ հոկտմբերի 27-ն օր առաջ բացահայտվեր։ Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվեր արդեն հոկտեմբերի 28-ին», - շեշտեց Անդրանիկ Քոչարյանը։