24/10/2019 12:49
Արսեն Բաբայանին կալանավորելով դատարանը ապահովեց հերթական ճնշումը Հրայր Թովմասյանի նկատմամբ. Փաստաբան (Տեսանյութ)
Ակնհայտ ապօրինի են այն գործընթացները, որոնք կատարվում են, Արսեն Բաբայանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը։
«Հասկանալի էր, որ հերթական անձը պետք է գտնվեր անազատության մեջ, որպեսզի հերթական ճնշումը լիներ Հրայր Թովմասյանի նկատմամբ: Դատարանը դա ապահովեց», - ասաց Լուսինե Սահակյանը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: