24/10/2019 13:57
Արսեն Բաբայանի գործը քաղաքական գործընթաց է. նպատակն է՝ ՍԴ-ն ենթարկել անձնական իշխանությանը. Արմեն Բադալյան
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ քրեական գործում իրավական մասն ընդամենը շղարշ է։ Սա առավելապես քաղաքական գործընթաց է՝ շարունակությունն այն մյուսի, որը սկսվել է Սահմանադրական դատարանի և հատկապես Սահմնադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ քրեական գործին և կալանավորմանը:
«Խնդիրը մեկն է. անուղղակի մեթոդներով ամեն գնով հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին։ Տեսնելով, որ իրավական ճանապարհով այլևս հնարավոր չէ հասնել դրան, փորձ է արվում գործը գլուխ բերել զգացմունքային քայլերով՝ այց Թովմասյանի հայրական տուն, նրա դուստրերի հարցաքննություններ՝ ավտոմեքենաների և ավտոտնակների թեմայով։ Բոլոր այս քայլերը կոչվում են ձեռքը փրփուրներին գցել», - ասաց մեր զրուցակիցը։
Արմեն Բադալյանի խոսքով՝ վերջին շրջանում իրավական գործընթացներից ակնհայտ է դառնում, որ իշխանության և կոնկրետ մեկ մարդու համար որոշ անձանց անազատության մեջ պահելը դարձել է սկզբունքի հարց։
«Ժամանակին իշխանությունները հայտարարում էին, որ եթե ԱԺ-ում հանրապետականներ չլինեն, ներդրողները հերթ կկանգնեն։ Բայց տեսնում ենք, որ հերթ կանգնող այդպես էլ չկա։ Հիմա էլ ուղղակի թեմա է մոգոնվել՝ ՍԴ-ում իբր գոյություն ունեցող ինչ-որ ճգնաժամի մասին։ Սրա նպատակը մեկն է. ՍԴ-ն նույնպես ենթարկել անձնական իշխանությանը։ Դա առայժմ չի հաջողվում, ինչի պատճառով էլ փորձ է արվում այլ, պարզունակ ճանապարհներով դրան հասնել», - ասաց քաղտեխնոլոգը։
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: