24/10/2019 12:52
Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը
ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Ոնց որ սպասում էինք՝ մեր գրավի միջնորդությունը մերժվեց, իսկ կալանքը երկարացնելու միջնորդությունը բավարարվեց»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Փաստաբանն ասաց, թե իրենց համար սա անսպասելի որոշում չէր։
«Բնականաբար, բողոքարկելու ենք»,-հավելեց փաստաբանը։
Երեմ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալը առողջական լուրջ խնդիրներ ունի։
«Առողջական վիճակն, իրականում, բավականին վատ է, այն, որ կա համապատասխան բժշկական փաստաթղթեր, որոնց համաձայն՝ արդեն իսկ նա պետք է անհապաղ ազատ արձակվի, փաստ է»,-ասաց փաստաբանը։
Խաչատրյանը, հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ էր ներգրավվել Քրեական օրենսգրքի 38- 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը), ապա մեղադրյալ ներգրավվեց նաև ԱԱԾ-ում հարուցված մեկ այլ քրեական գործով` կապված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու հետ: