24/10/2019 14:39
Արսեն Բաբայանի կալանավորումը դատական իշխանությունը նվաճելու կոնտեքստում ձեռնարկված ապօրինի գործողություն է. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորումն ապօրինի է համարում։
«Սա իրավական գործընթացի հետ կապ չունի, սա իրավական բեսպրեդել է, որով հալածում են Արսեն Բաբայանին», - Aysor.am-ին ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, թե այն, ինչ կատարվում է, դիտարկում են Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ գործընթացների շարքում։
«Սա դատական իշխանությունը նվաճելու կոնտեքստում ձեռնարկված ապօրինի գործողություն է», - ասաց Սաղաթելյանը։
ՀՅԴ ներկայացուցչի խոսքով՝ շարունակվող ապօրինի ձերբակալությունները քաղաքական մենիշխանության հասնելու համար են։
Իշխան Սաղաթելյանն ասաց, թե կիսում են այն տեսակետները, որ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է։
«Երբ որ նայում ես գործողությունների հերթականությանը, մենք կիսում ենք այդ տեսակետը, որովհետև ակնհայտ է՝ Արսեն Բաբայանն ի՞նչ հնարավորություն ու լիազորություն ուներ, որ օժանդակեր իշխանությունը յուրացնելուն», - ասաց նա։
Դաշնակցական գործիչն ասաց, թե իշխանությունը փորձելու է ոչ իրավական ճանապարհով, ապօրինի քայլերով, գործողություններով հասնի իր նպատակին։
«Այստեղ շատ կարևոր է, որ մեր հասարակությունը վերջապես արթնանա ու հասկանա, որ գործադիր իշխանությունն ամբողջությամբ սխալ ընթացքի մեջ է», - հավելեց Սաղաթելյանը։
Արսեն Բաբայանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Հոկտեմբերի 22-ին ՀՔԾ-ն որոշում կայացրեց ձերբակալել Բաբայանին, իսկ այսօր էլ դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը՝ կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին։