24/10/2019 12:38
Արսեն Բաբայանի գործով տեղի ունեցավ քաղաքական դատավարություն, դատավորը չէր կարող անկախ գործել. Լուսինե Սահակյան (Տեսանյութ)
Կալանքն ընտրվեց որպես խափանման միջոց, այլընտրանքային խափանման միջոց գրավ չկիրառվեց, ձերբակալումը ճանաչվեց ոչ իրավաչափ, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը։
«Մենք նաև գրավի միջնորդություն էինք ներկայացրել։ Չնայած, որ մենք գտնում էինք, որ կալանքը որպես խափանման միջոց, չի կարող ընդհանրապես կիրառվել, քանի որ մեղադրանքն ընդհանրապես անհիմն էր և դատարանը պետք է ֆիքսեր, որ հիմնավոր կասկածն առկա չէ, հիմքերից նույնիսկ չեմ էլ ուզում խոսել», - ասաց Լուսինե Սահակյանը։
Նա նշեց՝ սա քաղաքական դատավարություն է։
«Այս գործընթացներում, բնականաբար, դատավորը չէր կարող անկախ լինել։ Չեմ կարծում, որ սա այն դատավորն էր, որ կարող էր անկախ գործել», - ասաց Լուսինե Սահակյանը։
Պաշտպանը նշեց, որ այս դատական նիստին Արսեն Բաբայանը ներկա է եղել։