24/10/2019 13:26
ՀՀ իրավապահ մարմինները ստիպված են լինելու արդարանալ, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներ չկան. Պատգամավոր
ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնց վրա համաներումը տարածվում է, ենթադրում են, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ քրեական գործին և կալանավորմանը:
«Հիմա այլ հոդված է բերվել, որի վրա համաներում չի տարածվում։ Չեմ կարող կանխատեսումներ անել, թե ինչ կարող է լինել ապագայում։ Սակայն առաջին հոդվածի հետ կապված՝ շատ կոշտ եմ արտահայտվել. ասել եմ, որ քրեական հետապնդումն այդ հոդվածի մասով պետք է դադարեցվի», - ասաց պատգամավորը։
Անդրադառնալով հանգամանքին, որ այս պահի դրույթամբ Արսեն Բաբայանի դեմ որևէ ցուցմունք չկա, Տարոն Սիմոնյանը նշեց, որ դա շատ լավ է։
«Բայց քրեական գործում պարտադիր չէ միայն ցուցմունքը որպես ապացույց օգտագործել։ Կարող են նաև այլ ապացույցներ լինել, այնպես որ ասել, որ ցուցմունք չկա, ուրեմն գործն ավարտվել է, ճիշտ չի լինի», - շեշտեց մեր զրուցակիցը։
Խորհրդարանականը միաժամանկ ընդգծեց, որ վերջին շրջանում շատ գործեր հարուցվել են՝ զուտ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով։
«Միևնույն հանգամանքներում մի դեպքում գործ չի հարուցվել, մեկ այլ դեպքում հարուցվել է։ Հենց այդ ժամանակ էլ քաղաքական նպատակահարմարություն է եղել։ Իսկ միևնույն հանգամանքների պայմաններում տարբեր որոշումներ ընդունելն, իմ կարծիքով, սխալ է։ Իրավապահ մարմինները պետք է զգույշ լինեն իրենց գործողություններում, որովհետև հետագայում եվրոպական կառույցներում կարող ենք շատ լուրջ խնդիրների առջև կանգնել՝ արդարանալու, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներ չկան», - ամփոփեց Տարոն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: