24/10/2019 10:44
Սիրիայում ֆոսֆորով զինամթերք կիրառելու համար քրդերը մեղադրել են Թուրքիային
«Սիրիայի դեմոկրատական խորհրդի» (SDC) գործադիր կոմիտեի նախագահ Իլհամ Ահմեդն ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում գործողության ժամանակ կիրառել է ֆոսֆոր պարունակող զինամթերք, հայտնում է Rudaw-ն:
Ֆոսֆորային զինամթերքի օգտագործումն արգելված է Ժնևյան կոնվենցիայով:
«Նրանք (Թուրքիան) խաղաղ բնակչության դեմ գործածել են ֆոսֆոր քիմիական գազ։ Մենք չենք կարող փորձաքննություն անցկացնել, քանի որ քրդերը նման հնարավորություն չունեն», - գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:
Նրա խոսքով՝ թուրքական օպերացիայի հետևանքով 300 հազար մարդիկ լքել են իրենց տները, 250 մարդ, այդ թվում մեծ թվով երեխաներ, զոհվել են, ևս 300 մարդ անհետ կորած է համարվում։