24/10/2019 16:34
Պատրաստ եմ նույն աշխատանքի կրկնօրինակն անել ու վաճառել, բայց օրիգինալից չեմ հրաժարվում. Կայացավ Գրիգոր Խաչիկյանի «Հավատամք» ցուցահանդեսը
Հոկտեմբերի 21-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ գեղանկարիչ Գրիգոր Խաչիկյանի անհատական թվով 4-րդ ցուցահանդեսը: «Հավատամք» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում գեղանկարիչը ներկայացրել է 23 գեղանկար, որոնց մեծ մասը եկեղեցիների պատկերներ են:
«Եկեղեցին Աստծո հետ հաղորդակցվելու վայր է: Ինձ համար այն, ընդհանրապես աշխարհում, հետաքրքիր է նաև որպես ճարտարապետական կառույց: Իսկ մասնավորապես Հայաստանի աշխարհագրական դիրքը ու նրանում գտնվող եկեղեցիները հատուկ էներգետիկ դաշտ ունեն, յուրովի են: Այս 23 աշխատանքներից մոտ 10-ը վերջին շրջանի աշխատանքներս են», - Aysor.am-ի հետ զրույցում նշել է Գ. Խաչիկյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ոչ միայն նկարչի հարազատներն ու մտերիմները, այլև՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սևադա Սարգսյանը, քանդակագործ, նկարիչ Վանանդ Շիրազը, Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արմեն Բարսեղյանը, Հայորդաց տան ներկայացուցիչ Արմինե Ավետիսյանը, ՀՀ Վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանը և այլք:
Անհատական ցուցահանդեսի գաղափարը ծնվեց, երբ հասկացավ՝ նոր աշխատանքներ են ստեղծվել, որոնք ներկայանալու անհրաժեշտություն ունեն: Նկատում է՝ այս տարիների ընթացքում իր ներսում հավաքված գաղափարները միանգամից պոռթկացին, վերցրեց վրձինն ու կյանք տվեց պոռթկմանը:
Գրիգոր Խաչիկյանն այն գեղանկարիչներից է, ովքեր դժվարությամբ են բաժանվում սեփական աշխատանքներից: Հենց դա է պատճառը, որ նրա ցուցահանդեսները վաճառքի չեն վերածվում: Խոստովանում է՝ չնայած ներկաներից շատերը նկար գնելու ցանկություն են հայտնել, բայց ինքը կտրուկ հրաժարվել է: Այս ցուցահանդեսն էլ բացառություն չէ, վաճառք չի լինելու:
«Պատրաստ եմ նույն աշխատանքի կրկնօրինակն անել ու նվիրել կամ վաճառել ցանկություն հայտնող մարդուն, բայց օրիգինալից չեմ հրաժարվում ոչ մի պարագայում: Այո, նկարներիս կրկնօրինակներից շատ եմ վաճառել, բայց, նորից եմ կրկնում, օրիգինալներն ինձ համար առանձնահատուկ են: Նյութականը, գումարն ինձ չի տա այն, ինչ ինձ տալիս է իմ աշխատանքը, որի հետ անցնելու ճանապարհ ու պատմություն ունեմ», - ընդգծել է նա:
«Հավատամք» ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 26-ը: Իսկ այս ընթացքում Գրիգոր Խաչիկյանն արդեն իսկ նոր ցուցահանդեսների առաջարկներ ունի, այդ թվում՝ նախարարություններից և գրադարաններից: Սակայն գեղանկարիչը դեռևս չի շտապում, ամեն ցուցահանդես նոր աշխատանք է սիրում:
Լուսանկարները՝ Նարեկացի արվեստի միության ֆեյսբուքյան էջից։