24/10/2019 17:45
Շուտով կծնվի Միքայել Շարաֆյանի առաջնեկը. Փոքրիկի անունն ընտրել է պապիկը՝ դերասան Լևոն Շարաֆյանը
Շուտով լույս աշխարհ կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող դիզայներ, զգեստների նկարիչ Միքայել Շարաֆյանի և Նարե Գրիգորյանի առաջնեկը: Aysor.am-ի հետ զրույցում Մ. Շարաֆյանը մանրամասնեց՝ Նարեն հղիության 38-րդ շաբաթում է, ու կարելի է ասել՝ հաշված օրեր են մնացել դստրիկի ծնվելուն:
«Երբ իմացա լուրը՝ ուրախությանս սահման չկար: Փոքրիկը կլցնի մեր կյանքը, իրեն անհամբեր ենք սպասում: Ես միշտ երազել եմ, որ հատկապես առաջնեկս աղջիկ լինի: Չգիտեմ ինչու, բայց ենթագիտակցորեն վստահ էի, որ հենց այդպես էլ կլինի: Ու Աստված մեզ պարգևեց այդ հրաշքը», - նշեց Միքայել Շարաֆյանը:
Փոքրիկի անվան ընտրությունը պապիկն է կայացրել՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանը:
«Արդեն որոշել ենք՝ մեր դուստրը Սթեֆանի անունն է կրելու: Սա հայրիկիս առաջարկն էր, ինչ-որ տեղ լսել ու շատ էր հավանել: Ես և Նարեն երկար ժամանակ վստահ չէինք՝ ուզո՞ւմ ենք այդպես անվանակոչել մեր աղջկան, թե՞ չէ: Ընթացքում շատ հանդիպեցինք այդ անվանը, ու հասկացանք, որ այն մեզ հարազատ է դարձել: Հատկապես, որ ի սկզբանե ցանկանում էինք երեխային այնպիսի անուն տալ, որը միջազգային կլինի ու կկարողանա հեշտությամբ ինտեգրվել ամերիկյան միջավայրին», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Նարեի հարազատներն ու ծնողները Հայաստանում են, բայց հեռավորությունից կիսում են երիտասարդ ընտանիքի ուրախությունը:
Միքայել Շարաֆյանը նկատում է՝ կնոջ ծնողների ընտանիքում ևս մեկ տոն է սպասվում. Այս նույն ժամանակահատվածում փոքրիկ կունենա նաև Նարեի եղբայրը: Ամուսիններն էլ ծրագրում են հաջորդ տարի նրանց այցելել: