25/10/2019 17:55
Մենք մեզ չենք կարող անգամ թույլ տալ 10-15 րոպեի անվտանգային վակուում. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը՝ BBC-ի «Hard Talk» հաղորդմանը (Տեսանյութ)
Հայաստանը չի մնում Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի կամ մեկ ուրիշի կողքին, BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք միայն Երևանում ենք, մենք աշխատում ենք միայն Հայաստանի շահերի համար, և դա պահանջում է շատ բարդ աշխատանք, սակայն այս ամենն անվտանգության համար է, Հայաստանի շահերի համար է: Մենք առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերով: Մենք բացարձակապես մերժում ենք, չենք ընդունում երկբևեռ աշխարհը՝ այս կամ այն ձևով: Մենք նաև չենք ընդունում հետևյալը. մի՛ դատեք մեր ժողովրդավարությունը մեր աշխարհաքաղաքական որոշումներով, քանի որ մեր աշխարհաքաղաքական որոշումները շատ համալիր են, դրանք, գիտեք, շատ ամբողջական են, և ունենք մեր գործընկերների լիարժեք ըմբռնումը՝ լինի դա Ռուսաստանը, Եվրամիությունը կամ ԱՄՆ: Մեզ դա հաջողվում է», - հայտարարել է նախարարը:
Նրա խոսքով, եթե Հայաստանը թույլ տա իրեն շարժվել միայն այս կամ այն ուղղությամբ, եթե անվտանգության տեսանկյունից ավելի խոցելի դարձնի այս կամ այն ընտրություն կատարելու դեպքում, ապա վնաս կհասցնի ինքն իրեն:
«Դուք չեք երաշխավորում, որ եթե մենք հայտարարենք... Ասացեք, եթե մենք հայտարարենք, որ գնում ենք միայն մեկ ուղղությամբ, արդյոք դա անմիջապես աշխատելու է, թե մենք սպասելու ենք հերթում տասը-տասնհինգ տարի: Մենք մեզ չենք կարող անգամ թույլ տալ 10-15 րոպեի անվտանգային վակուում», - ասել է Մնացականյանը:
Նախարարը խոսել է նաև ՀՀ ներքին օրակարգի, ԼՂ հակամարտության կարգավորման, Իրանի հետ հարաբերությունների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: