25/10/2019 11:39
ՄԻՊ գրասենյակից այսօր կայցելեն Արսեն Բաբայանին
Այսօր նախատեսվում է այցելել կալանավորման մեջ գտնվող Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին, Aysor.am-ին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից՝ միաժամանակ չմանրամասնելով, թե արդյոք Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անձա՞մբ է այցելելու վերջինիս, թե՞ գործուղելու է աշխատակազմի ներկայացուցիչներից կազմված խմբին։
Գրասենյակից միաժամանակ տեղեկացրեցին, որ Մարդու իրավունքների պաշտպանը Արսեն Բաբայանի ձերբակալության օրը պարզաբանումների պահանջով գրություն է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Պատասխանն արդեն իսկ ստացվել է և այժմ ուսումնասիրման փուլում է։ ՄԻՊ-ի գործողությունները պարզ կլինեն միայն ուսումնասիրության ավարտից հետո։
Հիշեցնենք, որ երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: Միևնուն ժամանակ դատարանը ոչ իրավաչափ է համարել նրա ձերբակալությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: