25/10/2019 18:42
Բեզոսը մեկ օրում մոտ 7 մլրդ դոլար է կորցրել բորսայում՝ Amazon-ի բաժնետոմսերի արժեքի անկումից հետո
Ամերիկացի գործարար Ջեֆ Բեզոսը մեկ օրում 6,9 մլրդ դոլար է կորցրել իր գլխավորած Amazon կորպորացիայի բաժնետոմսերի արժեքի անկումից հետո, հայտնում է CNBC հեռուստաընկերությունը:
Ըստ աղբյուրի՝ Amazon-ի բաժնետոմսերի արժեքը միանգամից 9 տոկոսով նվազել է կորպորացիայի եռամսյա շրջանի վերաբերյալ հաշվետության հրապարակումից հետո, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին:
Ներդրողներին հիասթափեցրել է այն, որ նրա օպերացիոն եկամուտները կրճատվել են մինչև 3,2 մլրդ դոլար՝ անցյալ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով 3,7 մլրդ դոլարի համեմատությամբ: Բացի այդ, կորպորացիայի զուտ շահույթը նվազել Է մինչև 2,1 մլրդ դոլար այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այն կազմում էր 2,9 մլրդ դոլար:
CNBC-ն ընդգծել է, որ եթե Amazon-ի բաժնետոմսերի գնանշումներն ուրբաթ շարունակեն անկումը, ապա Բեզոսն «արդեն չի լինի մոլորակի ամենահարուստ մարդը», և ամենահարուստ գործարարների վարկանիշում նրանից առաջ կանցնի Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:
Amazon-ը խոշորագույն կորպորացիան է աշխարհում, որն ապրանքներ և ծառայություններ է վաճառում Համացանցի միջոցով: Բեզոսն այն հիմնել է 1994 թվականին: Նրան պատկանում է Amazon-ի 57,6 մլն բաժնետոմս:
Forbes-ի՝ հոկտեմբերի սկզբին հրապարակված գնահատումների համաձայն, Բեզոսի կարողությունը հասնում էր մոտ 114 մլրդ դոլարի, Գեյթսինը՝ 106 մլրդ դոլարի: