25/10/2019 10:34
«Ժողովուրդ». Նախարարությունն իր ձեռքն է վերցնում մասնավոր հիվանդանոցները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է ռազմական դրության դեպքում հիվանդանոցների կառավարումը հանձնել Առողջապահության նախարարությանը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանից հետքարքրվեց. «Արդյոք մասնավոր հիվանդանոցների հետ քննարկում եղե՞լ է, ի՞նչ պատասխան և ի՞նչ արձագանք է եղել»: Փոխնախարարը պատասխանել է`չեն քննարկել:
Այս երևույթը դժգոհություն է առաջացրել ոչ միայն մասնավոր հիվանդանոցների սեփականատերերի մոտ, այլև մարզային ու համայնքային: «Վարդանանց» ԲԿ սեփականատեր, առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե լավ կլիներ` իրենց հետ ևս քննարկեին, իրենք էլ իրենց կարծիքն արտահայտեին: Նշենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ մտահոգված հարց բարձրացրեց, թե ինչպես են հոգալու մասնավոր հիվանդանոցների ծախսերը: Փոխնախարարը պարզաբանեց, թե մարդկանց բուժելուց հետո կտան»: