25/10/2019 17:03
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Դեժան Ժիդանի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Արարատ Միրզոյանը նշել է, որ մեծապես կարևորում է Սլովենիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում, որը կարևոր հարթակ է հանդիսանում երկկողմ միջխորհրդարանական կապերի ակտիվացման և համագործակցության ընդլայնման համար: Աժ նախագահը արժևորել է նաև Սլովենիայի հետ համագործակցության խորացումն ու ընդլայնումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովը կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների համատեքստում:
Այս առումով Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում արդեն իսկ գործում է Հայաստան-Սլովենիա միջխորհրդարանական բարեկամական խումբը, որը Սլովենիայի խորհրդարանում դեռևս ձևավորված չէ: Սրան ի պատասխան՝ Դեժան Ժիդանը նշել է, որ Սլովենիայի խորհրդարանում արդեն իսկ սկսել են բարեկամության խմբի ձևավորման աշխատանքները:
Զրուցակիցները խոսել են Սլովենիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացման մասին, որը ամուր իրավական հիմք է հանդիսանում Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը հորդորել է հնարավորինս շուտ վավերացնել այն, ինչին ի պատասխան Սլովենիայի խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ կառավարությունից ստանալուն պես այն կվավերացվի շատ կարճ ժամկետում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Եվրամիության հետ վիզայի ազատականացման երկխոսության շուտափույթ մեկնարկը ՀՀ-ի համար հատուկ կարևորություն է ներկայացնում: