25/10/2019 16:17
ՄԱԿ-ում արձանագրել են Սիրիայում հումանիտար իրադրության լուրջ վատացում
Թուրքիայի ռազմական գործողությունը լուրջ ազդեցություն է թողել Սիրիայի հյուսիս-արևելքի հումանիտար իրադրության վրա, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Ուրսուլա Մյուլլերը:
«Թուրքիայի ռազմական գործողությունը լրջագույնս ազդել Է հումանիտար իրադրության վրա», - ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի հումանիտար իրադրությանը նվիրված նիստում:
«Մարտական գործողությունները հանգեցրել են բնակչության լուրջ տեղաշարժերի: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մոտ 180 հազար մարդ, այդ թվում՝ 80 հազար երեխա, հարկադրված փախչել է դեպի հարավ»,-տեղեկացրել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը և հավելել, որ «ռազմական գործողության սկսվելուց ի վեր ավելի քան 10 հազար մարդ ստիպված փախչել է Իրաք»: Մյուլերի խոսքով՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը «տագնապալի տեղեկատվություն է ստացել մարդկանց զոհվելու և խիստ կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքի վնասվելու վերաբերյալ»:
«ՄԱԿ-ում խորապես մտահոգված են Թուրքիայի և Սիրիայի սահմանում ռազմական գործողությունների հեռանկարների կապակցությամբ», - հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնականը: