25/10/2019 13:13
Երբեք ցանկություն չեմ ունեցել Նաիրի Հունանյանին տեսնելու, այսօր էլ չունեմ. Մարուքյան
Ես բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց երբեք ցանկություն չեմ ունեցել նրան տեսնելու, այսօր էլ չունեմ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Նաիրի Հունանյանն ինձ համար դահիճ է, դահիճների պարագլուխ։ Նա, իհարկե, ունի իրավունք՝ դիմելու համապատասխան ընթացալկարգով, բայց համոզված եմ, որ վաղաժամկետ ազատ արձակման նրա խնդրանքը չի բավարարվի», - նշեց բանախոսը։
Էդմոն Մարուքյանը շեշտեց՝ ինքը չէ, որ պետք է հարցաքննի հանցագործին, լույս սփռի գործի վրա, հետևաբար չի համարում, որ այս հարցով որևէ անելիք ունի։
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Վերջինիս դիմումին պատասխան կտրվի մինչև դեկտեմբերի 1-ը։