27/10/2019 13:29
Հոկտեմբերի 27-ի բացահայտման հույս միշտ կա, բայց դա պետք է արվի շատ զգուշավոր, մեր նպատակն է հանգստացնել մթնոլորտը. Ռիմա Դեմիրճյան
Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասով սպասելիքներ առանձնապես չունեմ, բայց հույս միշտ կա։ Այսօր՝ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ոճրագործության զոհերից Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։
«Դա շատ կարևոր հարց է՝ հասարակությանը հանգստացնելու համար։ Դա պետք է արվի, բայց արվի շատ զգուշավոր, օբյեկտիվ, համոզիչ, որովհետև մեր նպատակն է հանգստացնել մթնոլորտը», - ասաց նա։
Ռիմա Դեմիրճյանը շեշտեց՝ քանի դեռ ոճրագործությունը բացահայտված չէ, գործի արդար քննության կարիքը կա։
«Իհարկե, դա բարդ գործ է, հասարակությունը ցնցող։ Պետք է ամեն բան արվի ամենայն ճշգրտությամբ, որպեսզի կրքերը հանգստանան, մթնոլորտը փոխվի։ Պետք է կամ բացահայտել, կամ ամեն ինչ անել և ասել՝ ժողովուրդ չի բացահայտվում։ Այ այդպես», - ասաց Կարեն Դեմիրճյանի այրին։