28/10/2019 18:47
«Ես բացարձակապես համաձայն չեմ, սա ապօրինի է». Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել։ Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։
«Ինչ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում», - ՀՔԾ-ից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։
«Ես բացարձակապես համաձայն չեմ, հայտարարել եմ, որ մեղադրանքն ապօրինի է: Ինչ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում, որևիցե նախնական պայմանավորվածություններ չեն եղել, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես աշխատել է միշտ Ազգային ժողովը», - ավելացրեց նա։
Հարցին՝ այս գործողություններն ուղղված չե՞ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ՝ Բաբլոյանն ասաց, որ չի ցանկանում քաղաքական հարցերի պատասխանել, քանի որ քաղաքականությամբ այլևս չի զբաղվում:
«Ես զբաղվում եմ միայն առողջապահությամբ: Այս պահին միայն մի նպատակ ունեմ, որ ինչպես ժողովուրդն ինձ հարգել է, շարունակի հարգել: Ես կմնամ այս երկրում, որևիցե տեղ չեմ գնա: Ես մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ ՝ ես արդար եմ ու որևէ ապօրինություն չեմ արել», - ասաց Բաբլոյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը գտնվում է Հատուկ Քննչական ծառայությունում, որտեղ նրան մեղադրանք պետք է առաջադրվեր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ՀՔԾ-ն Ա.Բաբլոյանին ներգրավել էր որպես կասկածյալ՝ իշխանությունը յուրացնելու, ՍԴ լիազորություններին տիրանալու համար։