28/10/2019 13:45
Այս տարվա պահուստները կլինեն ամենաբարձրը. Արթուր Ջավադյան
Մենք վարում ենք լողացող կուրսի քաղաքականություն, բայց մյուս կողմից այս տարի հնարավորություն ունեցանք բավականաչափ արտարժույթ գնել։ Դեռ չենք հասել 500 միլիոնին, բայց 500 միլիոնից մի քիչ պակաս գնել ենք։ Դա աննախադեպ է, լրագողների հետ զրույցում այսօր ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
«Այդքան արտարժույթ որևէ տարի չենք գնել։ Դրա օգուտն այն է, որ մենք ավելացնում ենք մեր արտաքին պահուստները։ Անցած տարվա 9 ամիսների համեմատ՝ մենք մոտ 250 միլիոն դոլարից ավելի պահուստ ունենք, և կարելի է կանխատեսել, որ տարվա վերջին էլ մեր պահուստները կլինեն ավելի շատ, քան նախորդ տարի։ Պահուստների մեծ չափը բերում է մեր երկրի պոտենցիալի մեծացմանը», - ասաց Արթուր Ջավադյանը։
ԿԲ նախագահը միաժամանակ նշեց, որ պարտադիր պահուստավորման արդյունքում մոտ 300 միլիարդ դրամ է ներարկվել տնտեսություն։
«Լինելով ռեալիստ և պրագմատիկ՝ կարող եմ ասել, որ այս տարվա պահուստները կլինեն ամենաբարձրը», - ասաց նա։