28/10/2019 15:20
Ադրբեջանական քարոզչությունը Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալին վերագրել է Արցախի մասին խոսքեր, որոնք վերջինս չի ասել
Ադրբեջանական քարոզչամիջոցները վերջին օրերին տարածում են Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ-Մեգդադի խոսքերն, ով, իբր, Բաքվում գումարված Չմիավորված երկրների շարժման 18-րդ գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, թե «Սիրիան աջակցում է Ադրբեջանի արդար դիրքորոշմանը», «Հայաստանը պետք է կատարի ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը» և այլն։ Ամենից զարմանալին, իհարկե, ադրբեջանական քարոզչամիջոցների վերագրումն էր արցախյան կոնտեքստին սիրիացի փոխնախարարի այն հայտարարությունը, թե «ահաբեկչությունը մեծ սպառնալիք է այս տարածաշրջանին»։
Հոկտեմբերի 26-ից ակտիվորեն տարածվող այս թեզերը դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանվել պաշտոնական Երևանի կողմից. թերևս այն պատճառով, որ սիրիացի փոխնախարարն ընդհանրապես նման խոսքեր արցախյան հակամարտության վերաբերյալ չի արտահայտել։
Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, քաղաքագետ Հովհաննես Նիկողոսյանը փոխանցել է սիրիացի փոխնախարարի խոսքի ուղիղ մեջբերումը իր Twitter-յան միկրոբլոգում` հղում անելով Բաքվում գումարված Չմիավորված երկրների շարժման 18-րդ գագաթնաժողովի պաշտոնական տեսագրությանը։
In fact Faisal Mekdad said:
— Hovhannes Nikoghosyan (@hnikogh) October 28, 2019
(As translated) We would like to say that we are sorry that the Nagorno #Karabakh conflict is still unresolved. We reassure the importance of solving it in peaceful way based on the principles of the UN and the initiative of the Minsk Group mediation. pic.twitter.com/ZIWYduxqlX
«Կցանկանայինք նշել, որ ցավում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի դեռևս չլուծված լինելու համար։ Մենք վերահաստատում ենք խաղաղ հանգուցալուծման կարևորությունը` հիմնված ՄԱԿ-ի սկզբունքների և Մինսկի խմբի միջնորդական նախաձեռնության շրջանակներում», - ասել էր փոխնախարարը։
Չնայած սրան, ինչպես հաճախ է լինում, Չմիավորված երկրների շարժման գագաթաժողովի ընթացքում հակահայկական հայտարարություններ, այնուամենայնիվ, հնչել են։
Նշենք, որ Ադրբեջանը ստանձնել է կազմակերպության նախագահությունը 2019-2022թթ. համար։