28/10/2019 10:50
Այս տարի կունենանք համաշխարհային տնտեսության 3.2 տոկոս միջինացված աճի ցուցանիշ. Ջանջուղազյան
Հույս ունեմ, որ 2020 թվականի բյուջեում հիմնական կատարողական ցուցանիշներին պետք է վերաբերվենք որպես կառավարության ծրագրերից բխող ռազմավարության կատարողական ցուցանիշներ, նաև հույս ունեմ, որ քննարկումների ընթացքում կկարողանանք գալիք բյուջեն դարձնել ավելի լավը, Բյուջե 2020-ի քննարկման ժամանակ այսօր խորհրդարանում ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։
Քննարկմանը ներկա Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր հերթին նկատեց, որ ակնկալվում է, որ այս տարի կունենանք համաշխարհային տնտեսության 3.2 տոկոս միջինացված աճի ցուցանիշ, իսկ հաջորդ տարի այդ ցուցանիշը կկազմի 3.5 տոկոս։
«Էական է նաև, թե գործընկեր երկրներում ինչ սպասելիքներ են ձևավորված տնտեսական աճի տեսակետից, որովհետև դա կանխորոշում է նաև Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության սպասումը։ Ռուսաստանի համար ակնկալվում է տնտեսական աճի որոշակի արագացում։ Այս տարի այն կկազմի 1.2 տոկոս, իսկ 2020 թվականին՝ 1.9 տոկոս։ ԵՄ երկրների դեպքում ակնկալվում է 1.3 տոկոս այս տարի, 1.9 տոկոս՝ հաջորդ տարի», - ասաց նա։