28/10/2019 15:33
2020 թվականի պետական բյուջեից ԱԻՆ-ին նախատեսված է հատկացնել ավելի քան 15 միլիարդ. փոխնախարար
2020 թվականի պետական բյուջեից ԱԻՆ-ին նախատեսված է հատկացնել 15 միլիարդ 184 միլիոն դրամ, որը 2019 թվականի համեմատ՝ ավելի է 2 միլիարդ 615 միլիոն դրամով կամ 17.2 տոկոսով, «Բյուջե 2020»-ի քննարկման ժամանակ այսօր խորհրդարանում ասաց ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը։
«Հիմնականում դա պայմանավորված է ԱԻՆ փրկարար ծառայողների աշխատավարձերի ու հավելավճարների՝ 1 միլիարդ 970 միլիոն դրամ, և պարգևավճարների, խրախուսումների՝ 384 միլիոն դրամի ավելացմամբ», - տեղեկացրեց փոխնախարարը։
Անդրադառնալով Բազումի լեռնաշղթայում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ օրերս զոհված փրկարարի դեպքին՝ Արա Նազարյանը նշեց, որ չի կարող ասել՝ որքան գումար է հատկացվել զոհվածի ընտանիքին, սակայն ճշտւմ կատարելուց հետո կարող է այդ թիվը բարձրաձայնել։
Ինչ վերաբերում է հրդեհներին առհասարակ, ԱԻ նախարարի տեղակալը շեշտեց՝ այս տարի գրանցվել է 7678 հրդեհ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 77 տոկոսով։