28/10/2019 15:11
Քաղաքական հետապնդման խնդիր չի եղել, ենթատեքստ այնտեղ չփնտրեք. Էդուարդ Մարտիրոսյանը՝ Թովմասյանի ընտանիքի հանդեպ հետապնդումների մասին
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական հետապնդում չի եղել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների նկատմամբ ԱԱԾ կողմից իրականացվող հետապնդումների մասին հրապարակումներին՝ Մարտիրոսյանն ասաց.
«Ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել, ենթատեքստ այնտեղ չփնտրեք, ուղղակի նյութերի ամբողջությունը ապահովելու համար նաև խնդիր է առաջացել Հրայր Թովմայսանի մոտ ազգականներին հրավիրել: Երկու դուստրը և հայրն են հրավիրվել: Որ ասում են երեխաներն են հրավիրվել, ասեմ՝ դուստրերը 23-25 տարեկան են եղել: Խնդիրը կապված է եղել գույքի հետ, իրենց գույք է փոխանցվել ու մենք պարտավոր ենք այդ հարցով պարզաբանում իրականացնել»:
Դիտարկմանը՝ կա՞ն կասկածներ ապօրինի հարստացման վերաբերյալ՝ Մարտիրոսյանը նշեց.
«Ապօրինի հարստացման մասին չէ խոսքը: Մենք հրապարակել ենք, ներկայացրել ենք մանրամասն, թե ինչն է խնդիրը»: