28/10/2019 10:23
Գրեթե ակնհայտ է, որ 7 տոկոսին մոտ տնտեսական աճ ենք ունենալու. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
2019-ի առաջին 10 ամսվա տվյալներով՝ 7.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գրեթե ակնհայտ է, որ 7 տոկոսին մոտիկ տնտեսական աճ ենք ունենալու, բայց ֆինանսների նախարարությունը տնտեսական աճի հնարավոր ցուցանիշը գնահատում է 6.3 տոկոս, իսկ ԿԲ-ն՝ 6.7 տոկոս», - ասաց Փաշինյանը:
Վերջինս նկատեց, որ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը, Ասիական զարգացման բանկը, բոլորն, առանց բացառության, վերագնահատել են ՀՀ-ում տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականները՝ բարձրացման միտումով.
«Հիմա ավելի բարձր տնտեսական աճ են կանխատեսում ՀՀ համար, քան նախկինում»:
ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև գնաճի ցուցանիշին՝ նշելով, որ այն կազմում է 1.6 տոկոս:
«Տնտեսագետները շատ նեղսրտում են, երբ գնաճը բարձր է լինում և նույնքան սրտնեղում են, երբ ցածր է լինում, դրա համար, կարծում եմ, որ 1.6 տոկոսը այն ցուցանիշն է, որը մեր հարգելի տնտեսագետներին որոշակի կոմֆորտ զգալու առիթ կտա», - ասաց նա: