28/10/2019 14:36
Մենք Արման Բաբաջանյանին վստահում ենք, եթե հանդիպենք, ամբողջ իրականությունը կասի. Էդուարդ Մարտիրոսյանը՝ Բաբաջանյան-Հունանյան հանդիպման մասին
Եթե անհրաժետություն եղավ, այս գործով կիրականացնեք միջոցառում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն՝ անդրադառնալով Նաիրի Հունանյանի և ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպմանը:
Հարցին, թե Բաբաջանյանը պնդում է, որ Հոկտեմբերի 27-ի գործով նոր հանգամանքներ կարող են ի հայտ գալ, ի՞նչ նոր հանգամանքների մասին է խոսքը՝ Մարտիրոսյանն ասաց.
«Ճիշտ կլիներ, որ այդ հարցով դիմեիք Արման Բաբաջանյանին, բայց եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, մենք պետք է շարունակենք մեր գործողությունները», - խորհրդարանում լրագրողներին ասաց Մարտիրոսյանը:
Դիտարկմանը, թե անհրաժեշտություն չկա՞, որ ԱԱԾ-ն զրուցի Բաբաջանյանի հետ և ուսումնասիրի Բաբաջանյանի և Հունանյանի խոսակցությունը, որը ձայնագրվել է, ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց.
«Չգիտեմ՝ որտեղից ձեզ տեղեկատվություն, որ այդ խոսակցությունը ձայնագրվել է: Մենք Արման Բաբաջանյանին վստահում ենք, եթե հանդիպենք, ամբողջ իրականությունը կասի: Եթե ահրաժեշտություն եղավ, իսկ անհրաժետություն այս գործով հաստատ կլինի, մենք կիրականացնենք միջոցառում», - ասաց նա: