29/10/2019 17:42
Նախատեսվում է մետրոյի նոր կայարան կառուցել Աջափնյակում. փոխքաղաքապետ
Մետրոյի նոր կայարանը նախատեսվում է կառուցել Աջափնյակում, լրագրողներին խորհրդարանում ասաց ՀՀ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
«Աջափնյակ համայնքում խոշոր առևտրի կենտրոնի կառուցման շուրջ բանակցություններն ընթանում են: Դրանք հասել են մետրոյի կայարանի և կամուրջի նախագծման փուլին և ունենք նախնական համաձայնություն, որ ներդրող կողմը հենց նախագծային փուլից կֆինանսավորի ծրագիրը: Հետագայում կքննարկվի մետրոյի կայարանի կառուցման հարցը՝ որպես բիզնես մոդելի սայդէֆեկտ (կողմնակի արդյունք - հեղ.)», - ասաց փոխքաղաքապետը:
Նա հույս հայտնեց, որ արդեն մյուս գարնանը հնարավոր կլինի սկսել աշխատանքները: Թե կոնկրետ որ վայրում կլինի կայարանը՝ քաղաքապետի տեղակալն ասաց.
«Այս պահին ներդրողի հետ քննարկվող նախագծում կայարանը կլինի կամուրջի վրա՝ ժամանակակից կոնստրուկցիաներով զինված: Դրվել է նաև խնդիր, որ կայարանի կառուցման տրամաբանությունը հետագայում շարունակելի լինի դեպի հաջորդ հատված»:
Սարգսյանն ասաց, որ աշխատանքների ավարտի ժամկետներ հստակ նշել չի կարող, միևնույն ժամանակ, փոխքաղաքապետն ասաց, որ մետրոյի կայարանի համար արդեն իսկ որոշակի աշխատանքներ արված են, ինչը թույլ կտա կրճատել դրա ծախսերը.
«Ընդունված չափանիշով մեկ մետրոյի կայարանի արժեքը 1 կմ-ի համար 100 մլն դոլար է, բայց, քանի որ կայարանի համար արդեն իսկ կա արված աշխատանք՝ թունելի տեսքով, կարելի է այդ գնի կեսից պակաս գնահատել», - ավելացրեց Սարգսյանը: