29/10/2019 10:11
«Հրապարակ». Արարատ Միրզոյանը եվրոպացիներին ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու Հրայր Թովմասյանն են
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով զբաղվող Եվրոպայի խորհրդի անդամներից բաղկացած պատվիրակություն է ժամանելու Հայաստան: ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատվիրակության անդամները նույն օրը ժամը 13։00-ին հանդիպում են ունենալու ԱԺ մարդու իրավունքների, պետաիրավական հարցերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ, քննարկելու են Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում վավերացնելու ժամկետները:
Մեր աղբյուրներն ասում են, որ եվրոպացի պաշտոնյաները ներկայացնելու են հայ հասարակության շրջանում կոնվենցիայի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքը չեզոքացնելու տարբերակները և նպատակ ունեն արագացնել կոնվենցիայի վավերացումը: Այս հարցը, ի դեպ, քննարկվել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ երեկ կայացած հանդիպման ընթացքում:
Միրզոյանը թեև ներկայացրել է, որ հասարակությունը մեծ մասամբ դեմ է կոնվենցիայի վավերացմանը, սակայն նշել է, որ եթե իրենց հաջողվի փոխել ՍԴ գործող կազմն ու հեռացնել Հրայր Թովմասյանին, կկարողանան հեշտությամբ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Միրզոյանը նշել է, որ այս փուլում վավերացման ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու ՍԴ նախագահն են»: