29/10/2019 13:00
Հայաստանը որևէ ուղղությամբ ադեկվատ արտաքին քաղաքականություն չունի. Բեքարյան
Մենք այսօր որևէ կերպ, որևէ ուղղությամբ չունենք ադեկվատ արտաքին քաղաքականություն, «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
«Իլհամ Ալիևը մի քանի առիթ օգտագործեց՝ հաշվի առելով, որ ստեղծված իրավիճակներում հակազդող որևէ խոսք, ելույթ հնարավոր չէր։ Դրանցից առաջինը Վալդայն էր, որի ժամանակ Հայաստանի և Արցախի վրա ռադիկալ հարձակումը որևէ պատասխանի չարժանացավ։ Ի դեպ, այդտեղ էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը, որպես ռազմավարական դաշնակից, կարող էր էթիկայի կոչ անել, որ եթե մյուս կողմը չկա, չպետք է նման հայտարարություններ անել», - նշեց բանախոսը։
Կարեն Բեքարյանը միաժամանակ նկատեց՝ դեպի Ռուսաստան հարաբերությունները գլորվողից կամաց-կամաց վերածվում են մուկնուկատու հարաբերությունների՝ անհասկանալի կոնտեքստներով։
«Ինչ վերաբերում է եվրոպական ուղղությանը, ապա 2018-ից հետո առկա լավատեսական մղումները գնալով մաշվում, վերանում են։ Միացյալ նահանգների պարագայում էլ ասել, թե փոխհարաբերությունները եղել են խիտ, սխալ կլինի, սակայն անգամ ԱՄՆ-ի պարագայում արտաքին քաղաքական համընդհանուր քաոսն այլ դրսևորումներ ունի. կարելի է նայել այցերին և ընդունելություններին՝ ինչ որակով, ինչ կոլեգիալությամբ։ Դրա համար բավարար է նայել «Լիդիանի» հետ կապված խայտառակ գործընթացին, Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելը, ԱՄՆ ֆինանասավորմամբ բիոլաբորատորիաների վիճակը և այլն», - թվարկեց վերլուծաբանը։
Ամփոփելով խոսքը՝ Կարեն Բեքարյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությունները, ինչպես պատկերացում չունեն ներքին հարցերում և ԼՂ կարգավորման գործընթացում, այնպես էլ արտաքին հարաբերություններում։