29/10/2019 14:25
Գործ ունենք ՍԴ նախագահի նկատմամբ կիրառվող հերթական ապօրինի ճնշման հետ. Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմ. News.am
Հրայր Թովմասյանը չի ունեցել որևէ լիազորություն նշված տարածքի օտարման կամ սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ. նա չունի և չի ունեցել ուղղակի կամ անուղղակի որևէ առնչություն նշված տարածքի հետ։ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անունից NEWS.am-ին փոխանցել է փաստաբան Միհրան Պողոսյանը՝ արձագանքելով Քննչական կոմիտեի՝ այսօր տարածած հաղորդագրությանը:
«Այսօր ականատես եղանք իրավապահ մարմնի կողմից Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ հերթական հիմնազուրկ և քաղաքականապես ուղղորդված հայտարարությանը:
Ակնհայտ է, որ տարածված հաղորդագրությունը ոչ միայն կոպտորեն խախտում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ վերոնշյալ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի պահանջները, այլև՝ գործ ունենք վերջին ամիսներին Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ կիրառվող հերթական ապօրինի ճնշման օրինակի հետ:
Հրայր Թովմասյանը չի ունեցել որևէ լիազորություն նշված Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի 162 տարածքի օտարման կամ սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ:
Ավելին, նա չունի և չի ունեցել ուղղակի կամ անուղղակի որևէ առնչություն նշված տարածքի հետ:
Հաստատապես իմանալով, որ Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական իշխանությունների կողմից ուղղորդվող գործընթացները շարունակաբար զուգորդվելու են քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտմամբ, հայտնում ենք, որ այս զավեշտի պայմաններում ապահովելու ենք Սահմանադրական դատարանի նախագահի իրավունքների պաշտպանությունը՝ պայքարելով Հայաստանի Հանրապետության անկախ դատական իշխանության կայացման համար», - նշված է փաստաբանական թիմի հայտարարության մեջ: